Միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու, տեխնոլոգիական կրթությունը խթանելու, շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու և աշխատաշուկա ներգրավելու հմտություններ ձևավորելու նպատակով ապրիլի 12-ին անցկացվեց ‹‹ISTC Think Day: Employment›› միջոցառումը։ Այն նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):
Միջոցառման մեկնարկից հետո հանդես եկավ ISTC կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ներկայացնելով կենտրոնի կողմից մշակված և իրականացվող ուսումնական ծրագրերը, ընդհանուր գործունեությունը և խոսեց արդեն գործող՝ «կրթությունից դեպի աշխատանք» մոդելի մասին:
«ISTC Think Day Employment»-ի ընթացքում նաև տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից:
4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝
- բիզնես (Թվային մարքեթինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM)
- տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Տեղեկատվական անվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):
Այնուհետեւ մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:
Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաեւ ստացան ծրագրի մասնակցության վկայականներ:
Նախագծերի շարքում էին, <<iteacher>> հավելվածը, որը կօգնի սովորել կոդավորում, <<WIMBUS>>-ը, որը կխնայի այն ժամանակը, որը դուք ծախսում եք՝ ավտոբուսին սպասելով: Հետաքրքիր նախագծերից են նաև <<Footrip>>-ը, որը կդառնա հիանալի խորհրդատու Երևանում լավ ժամանակ անցկացնելու վայր գտնելու համար:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև հատուկ հյուրեր, ովքեր իրենց ներկայացրեցին իրենց տեսակետները «կրթությունից դեպի աշխատանք» համապատասխան էկո-համակարգի զարգացման թեմայի շուրջ:
Հատուկ հյուրերի թվում էին՝
– Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տեխնիկական գծով տնօրեն Համբարձում Քաղկեցյանը, ով խոսեց ներհամալսարանական ձեռնարկատիրական մշակույթի զարգացման մասին,
– Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի պատասխանատու Արթուր Պետրոսյանը, ով պատմեց նոր կիրառական մոդելի մասին՝ ուղղված համակարգչային գիտությունների ամբիոնի ուսումնական ծրագրերի բարելավմանը,
– «PicsArt» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Վարսիկ Վարդանյանը, ով ներկայացրեց գործատուի տեսանկյունից հաճախ հանդիպող խնդիրները, և հնարավոր լուծումները:
Աղբյուր՝ IT trend